Կանոնադրություն

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Դաշինքի առաքելությունն է` նպաստել մոր և մանկան առողջության պահպանման և բարելավման իրագործմանը Հայաստանում:

1.2. Դաշինքի տեսլականն է` Ապահով մայրություն, առողջ մանկություն:

1.3. Դաշինքի նպատակները և խնդիրներն են`

• Աջակցել մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության մշակմանը և իրականացմանը.
• վերհանել մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները սոցիալական, կրթական, իրավական և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում
• նպաստել որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությանը և մատչելիությանը,
• նպաստել մայրերին և երեխաներին տրամադրվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման, վերահսկման/գնահատման մեխանիզմների ներդրմանը,
• աջակցել հանրային առողջապահական կրթության արդյունավետության բարձրացմանը,
• նպաստել մոր և մանկան առողջության ոլորտի ֆինանսավորման տրամադրման կայունությանն ու շարունակական աճին
• խրախուսել քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցությունը առողջապահական ծրագրերի, ռազմավարությունների և օրենսդրության մշակման գործընթացում,
• հանդես գալ իրավական բարեփոխումներ ենթադրող առաջարկություններով և նախաձեռնություններով,
• մասնակցել պետական ծրագրերի մշակման, իրականացման, վերահսկման, մշտադիտարկման, և գնահատման գործընթացներին:

1.4. Դաշինքի անդամների իրավունքները և պարտականությունները

• Դաշինքի անդամներից յուրաքանչյուրը պարտավորվում է իր ջանքերը ներդնել Հուշագրով նախատեսված նպատակներն իրականացնելու ուղղությամբ: Յուրաքանչյուր անդամ կաջակցի նշված խնդիրների իրականացմանը իր հասարակական կապերի, մասնագիտական անձնակազմի և տեխնիկական հնարավորությունների միջոցով:

• Դաշինքի անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի միանալու կամ չմիանալու Դաշինքի անունից կատարվող ցանկացած հայտարարությանը կամ իրակացվող նախաձեռնությանը :

• Դաշինքի անվան օգտագործումը և նրա անունից կատարվող ցանկացած գործունեություն պետք է նախօրոք հավանություն ստանա Համակարգող Խորհրդի կողմից:

• Դաշինքնի անդամները կարող են Հուշագրում փոփոխություններ կատարելու առաջարկ ներկայացնել Ընդհանուր ժողովի քննարկմանը:

2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ

2.1. Դաշինքի գործունեության համակարգումն իրականացնող մարմիններն են Ընդհանուր ժողովը, Համակարգող Խորհուրդը և Դաշինքի Համակարգողը:
2.2. Դաշինքի բարձրագույն համակարգող մարմինը Ընդհանուր Ժողովն է:
2.3. Դաշինքի ընթացիկ համակարգող մարմինը Համակարգող Խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):
2.4. Դաշինքի ամենօրյա գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Դաշինքի Համակարգողը (այսուհետ` Համակարգող):

2.5. Ընդհանուր Ժողով

2.5.1. Ընդհանուր ժողովը գումարվում է Խորհրդի կողմից տարեկան առնվազն մեկ անգամ:
2.5.2. Ընդհանուր ժողովի օրակարգի, անցկացման վայրի, օրվա ու ժամի, ինչպես նաև օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերյալ բոլոր նյութերը Դաշինքի անդամները պետք է ստանան հեռահաղորդակցության միջոցներով Համակարգողի կողմից` Ընդհանուր ժողովից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
2.5.3. Ընդհանուր ժողովն իրավազոր է (քվորում), եթե դրան մասնակցում են Դաշինքի անդամների 2/3-ը:
2.5.4. Ընդհանուր ժողովը որոշումներ ընդունում է ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
2.5.5. Ընդհանուր Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
• Խորհրդի տարեկան հաշվետվության ընդունումը
• Խորհրդի անդամների ընտրությունը փակ քվեարկությամբ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ
• Դաշինքի ռազմավարական պլանի հաստատումը:

2.6. Համակարգող Խորհուրդ

2.6.1. Խորհուրդն ընտրվում է Ընդհանուր Ժողովի կողմից, երկու տարի ժամկետով և համակարգում է Դաշինքի ընթացիկ գործունեությունը:
2.6.2. Խորհուրդը բաղկացած է Դաշինքի անդամ կազմակերպություններից ընտրված 7 կազմակերպության մեկական ներկայացուցիչներից:
2.6.3. Խորհրդի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշումը կայացվում է Խորհրդի կողմից` Խորհրդի նիստերին անդամի երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չմասնակցելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ` այդ մասին նախապես տեղեկացնելով Համակարգողին:
2.6.4. Եթե Խորհրդի անդամը իր նախաձեռնությամբ դադարեցնում է Խորհրդի անդամակցությունը, ապա տվյալ կազմակերպությունը կարող է առաջադրել մեկ այլ ներկայացուցիչ` ընդգրկվելու Խորհրդի կազմում: Այդ թեկնածությունը հաստատվում է Դաշինքի բոլոր անդամների հեռակա հարցումով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ: Հարցման միջոցով կայացված որոշումները ընդունված են համարվում, եթե հարցմանը մասնակցել են Դաշինքի բոլոր անդամների առնվազն 2/3-ը և գրավոր համաձայնություն է ստացվել պարզ մեծամասնության կողմից: Այն դեպքերում, երբ կազմակերպությունը որևէ թեկնածություն չի առաջադրում կամ թեկնածությունը չի հաստատվում Խորհրդի կազմում թափուր տեղը զբաղեցնում է Խորհրդի նախորդ ընտրությունների ընթացքում համապատասխանաբար հերթական առավելագույն քվե ստացած թեկնածուն:
2.6.5. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են համակարգողի կողմից առնվազն երեք ամիսը մեկ անգամ և բաց են Դաշինքի բոլոր անդամների լիազորված ներկայացուցիչների համար:
2.6.6. Նիստերը նախագահում է Համակարգողը, իսկ նրա բացակայության դեպքում` Խորհուրդն է որոշում, թե ով է նախագահելու տվյալ նիստը:
2.6.7. Խորհրդի համակարգողը ապահովում է տվյալ նիստի արձանագրումը և ուղարկում է արձանագրությունը Խորհրդի բոլոր անդամներին նիստը ավարտելուց հետո 10 (տաս) օրվա ընթացքում: Արձանագրության վերջնական տարբերակը շրջանառվում է Դաշինքի բոլոր անդամների միջև: Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Համակարգողի մոտ:
2.6.8. Խորհրդի նիստն իրավազոր է (քվորում), եթե դրան մասնակցում են Խորհրդի առնվազն 5 անդամներ:
2.6.9. Խորհուրդը որոշումներ ընդունում է Խորհրդի առնվազն 5 անդամների համաձայնությամբ:
2.6.10. Համագործակցության ընթացիկ հարցեր կարող են նաև առաջարկվել և ընդունվել նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Համակարգողի կամ Խորհրդի այլ անդամների կողմից և լուծվել խորհրդի անդամների հեռակա հարցումով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ: Հարցման միջոցով կայացված որոշումները ընդունված են համարվում, եթե գրավոր համաձայնություն է ստացվել Խորհրդի առնվազն 5 անդամների կողմից:
2.6.11. Խորհրդի կողմից հաստատված և Դաշինքի անունից իրականացվող ցանկացած նախագիծ պետք է հավանություն ստանա հուշագրին միացած բոլոր անդամների հեռակա հարցումով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ: Նախագիծը հաստատվում է, եթե հարցմանը մասնակցել են Դաշինքի բոլոր անդամների առնվազն 2/3ը և գրավոր համաձայնություն է ստացվել Դաշինքի բոլոր անդամների պարզ մեծամասնության կողմից:

2.6.12. Խորհրդի իրավասությունների շրջանակն ընդգրկում է`

• ընտրություններից անմիջապես հետո Համակարգողի ընտրությունը և Ընդանուր Ժողովին ներկայացնելը,
• Դաշինքի գործունեության ռազմավարական պլանի մշակումը և ներկայացումը Ընդհանուր Ժողովի հաստատմանը,
• Դաշինքի անունից կատարվող գործողությունների պլանի մշակումը և իրականացման համակարգումը,
• Պետական մարմիններում և հանրային տարբեր միջոցառումների ժամանակ Դաշինքը ներկայացնելը:

2.7. Համակարգողը

2.7.1. Համակարգողը ընտրվում է Խորհրդի կողմից մեկ տարի ժամկետով և կազմակերպում ու ղեկավարում է Դաշինքի ամենօրյա գործունեությունը` օգտագործելով սեփական ռեսուրսները:

2.7.2. Համակարգողը`

• նախագահում է Խորհրդի նիստերը,
• առնվազն 3 ամիսը մեկ անգամ գումարում է Խորհրդի նիստեր,
• իրականացնում է դաշինքի փաստաթղթավարությունը,
• ծանուցում է Ընդհանուր ժողովի օրակարգի, անցկացման վայրի, օրվա ու ժամի, ինչպես նաև օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերյալ բոլոր նյութերը Դաշինքի բոլոր անդամներին հեռահաղորդակցության միջոցներով` Ընդհանուր ժողովից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

3. ԴԱՇԻՆՔԻՆ ՄԻԱՆԱԼԸ ԵՎ ԴՐԱ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼԸ

3.1. Դաշինքին կարող են միանալ Հայաստանի Հանրապետությունում •րանցված և գործունեություն ծավալող բոլոր այն կազմակերպությունները (ոչ առևտրային), որոնք աշխատում են առողջապահության, մասնավորապես մոր և/կամ մանկան առողջության ոլորտում, ինչպես նաև` մայրության և մանկության խնդիրներով զբաղվող անհատները` խորհրդակցական ձայնի իրավունքով:
3.2. Դաշինքին միանալու հարցը լուծվում է Խորհրդի կողմից` դիմող կազմակերպության կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
3.3. Դաշինքի անդամներից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել իր ստորագրությունը` այդ մասին նախապես մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Համակարգողին:
3.4. Դաշինքին միանալու դիմումները Համակարգողը ներկայացնում է Խորհրդի հաստատմանը` տվյալ դիմումի ներկայացմանը հաջորդող նիստի ժամանակ: Դաշինքից հրաժարվելու մասին դիմումներն ընդունվում են ի գիտություն:

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

4.1. Դաշինքին անդամակցությունը որևէ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում և չի առաջացնում անդամների համար:

4.2. Դաշինքի անդամները սույնով հաստատում են, որ Հուշագրի իրականացման ընթացքում անդամներից որևէ մեկի կրած ծախսերը` ներառյալ Համակարգողի իրականացրած ծախսերը, հանդիսանում են բացառապես տվյալ անդամի սեփական ծախսերը, եթե նախապես այլ ծախսերի վերաբերյալ գրավոր համաձայնություն ձեռք չի բերվել:

 

Comments are closed.