Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ

Մամլո հաղորդագրություն.

2011թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացած Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց գործունեության ընթացքում վերհանված երեխաներին առնչվող խնդիրների մասին և ստանալ պատասխաններ: 

<<Հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ աշխատանքներ են իրականացնում թե համայնքներում և թե քաղաքականություն մշակողների հետ, և կարող են նպաստել պետական քաղաքականության արդյունավետ ներդրմանը` հենվելով այդ փորձի վրա: Այս լսումները մեզ համար հրաշալի առիթ էին խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնք այս պահին հրատապ լուծում են պահանջում>>, – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը:
Վերհանված խնդիրները վերաբերում էին երեխաների իրավունքների պաշտպանությանը` սոցիալական, կրթության և առողջապահության ոլորտներում: Վորլդ Վիժնը` համախմբելով Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը, Երեխայի պաշտպանության ցանցը և կրթության ոլորտում գործող կազմակերպություններին, պատրաստել էր մի փաթեթ, որտեղ արտացոլված էին բոլոր ստորև նշված հարցերն ու խնդիրների լուծման առաջարկները:
Խորհրդարանական լսումները կազմակերպվել էին ՀՀ Ազգային ժողովի համապատասխան ոլորտների մշտական հանձնաժողովների կողմից` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: Ներկա էին նաև ոլորտային նախարարությունների և ոստիկանության ներկայացուցիչներ և փորձագետներ:

Վերհանված խնդիրների մասին ավելի մանրամասն տեղեկանալու և լրացուցիչ տեղեկությունների ստանալու համար կարող եք զանգահարել Վորլդ Վիժն Հայաստան` 74 91 18 հեռախոսահամարով:

Այս խնդիրները վեր են հանվել Մոր և մանկան առողջության խնդիրներով զբաղվող 44 հասարակական կազմակերպություններից բաղկացած Դաշինքի, և Երեխաների պաշտպանության հանրային ցանցի անդամ և կրթական հարցերով զբաղվող ակտիվ ՀԿ-ների կողմից:

Սոցիալական ոլորտ

1. Անչափահասների գործերով արդարադատության բնագավառում (այդ թվում` կանխարգելման ոլորտում) քաղաքականության և ռազմավարության բացակայություն:
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կամավորական սկզբունքով աշխատանքը և սոցիալական աշխատողի հայեցողական կարգավիճակը:
3. Պետական և ոչ պետական ծրագրերով իրականացվող հաստատությունների Բեռնաթափման գործընթացի անարդյունավետություն:
4. Այլընտրանքային խնամքի ձևերի անհամաչափ զարգացում և կիրառում:
5. Գոյություն ունի որոշակի օրենսդրական անհամապատասխանություն սոցիալական պաշտպանության կազմակերպություններում խնամք ստացող երեխաների խնամակալության վերաբերյալ:
6. Ոչ պետական խնամակալական կազմակերպությունում գտնվող կենսաթոշակառու երեխաները զրկվում են իրենց հասանելիք կենսաթոշակից:
7. Երեխաների դեմ կատարվող բռնությունների բացահայտումը և հայտնումը երեխաների հետ աշխատողների շրջանում կատարվում է ըստ հայեցողության:
8. Լսողության խանգարում ունեցող երեխաների զարգացման ցերեկային կենտրոնների բացակայություն:
9. Լսողական սարքերի հատկացման գործող տենդերային համակարգը ունի բարեփոխման կարիք:

Կրթության ոլորտ

1. Կրթության ոլորտի չափորոշիչները/օրենսդրական պահանջները և դրանց կատարման համար նախատեսված դպրոցներին հատկացվող ռեսուրսները չեն համապատասխանում կամ թափանցիկ չեն բաշխվում
2. Դպրոցի տնօրենների հետ պայմանգրի կնքման վերաբերյալ երկու իրավական ակտերի հակասություն:
3. Մասնագետների պակասը` հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող:
4. Ներառական նախադպրոցական հաստատություններում բազմամասնագիտական թիմի բացակայություն:

Առողջապահության ոլորտ

1. “Առողջ ապրելակերպ” դասավանդող որակյալ մասնագետների և օժանդակ նութերի և դասագրքերի պակասը:
2. Առողջապահության համակարգին տրամադրվող ֆինանսական միջոցների անբավարար մակարդակ: Ելնելով միջազգային փորձից`առաջարկներ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ:
3. Առանց դեղատոմսի դեղորայքի, մասնավորապես հակաբիոտիկների ազատ վաճառքը:
4. Երեխաների զարգացման և վերականգնողական ծառայությունների ցածր հասանելիությունը Հայաստանում:
5. Հատուկ առողջական, կրթական և սոցիալական կարիքներով երեխաների համապարփակ գնահատման ուղղված ծառայությունների և վարման միասնական համակարգի բացակայություն:
6. Երեխաների մոտ հիվանդությունների վաղ ախտորոշմանն ուղղված ոչ մասսայական սկրինինգներ:
7. ՀՀ-ում մանկական սնուցման ասպարեզում գործող օրենսդրությունն անկատարություն:
8. ՀՀ տարածքում վաճառվող սննդամթերքների որակի խնդիրներ:
9. Երեխաների շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների պակաս:

9.06.2012