ՄԱՅՐԱԿԱՆ և ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ.

Յուրաքանչյուր տարի աշխարհում միլիոնավոր կանայք և երեխաներ մահանում են այնպիսի պատճառներից, որոնք կարող են կանխարգելվել:
Ժամանակն է միասին որոշում կայացնել` Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում բարելավելու կանանց և երեխաների առողջության իրավիճակը:
Անհրաժեշտ է առողջապահական համակարգի հզորացման միջոցով ապահովել հիմնական առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը և իրականացնել ապացույցների վրա հիմնված կենսական միջոցառումներ:

Միայն համատեղ ջանքերի և երկարաժամկետ ներդրումների միջոցով է հնարավոր հասնել Հազարամյակի զարգացման 4 և 5 նպատակների` մայրական առողջության բարելավմանը և մանկական մահացության կրճատմանը մինչև 2015թ-ը:

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ.

1. Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների 2008 թվականին 442 երեխա մահացել է կյանքի առաջին տարվա ընթացքում, այսինքն ավելի քան 1 երեխա` յուրաքանչյուր օր: Երեխաների մեծամասնությունը մահանում է հիվանդություններից, որոնք կարող են կանխարգելվել:

2. Համաձայն 2010թ-ին վերանայված “Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ազգային ռազմավարության”, 2003-2009թթ. ընթացքում Հայաստանում մահացել են 78 կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան բարդություններից, որոնցից 7-ը` արտահիվանդանոցային պայմաններում: 2003-2009թթ ընթացքում գրանցված մայրական 78 մահերից 60-ը (76.9%) կարելի էր կանխարգելել, եթե ծննդօգնության հիմնարկները ունենային բարձր պատրաստվածություն ցուցաբերելու անհրաժեշտ որակի բուժօգնություն:

3. Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, պետական բյուջեից առողջապահական հատկացումները 1990թ-ին կազմել են ՀՆԱ-ի 2,7 %-ը, իսկ 2000թ-ինª` 1%-ը: 2006-2009թթ. առողջապահական համակարգի ֆինանսավորումը չի գերազանցել ՀՆԱ-ի 1.5%-ը, որն աշխարհում գնահատվում է հանրային առողջապահության հատկացումների նվազագույն ծավալ՝ շուրջ 4 անգամ զիջելով ԵՄ երկրներում և 1.5-2 անգամ զիջելով այլ ԱՊՀ երկրներում առողջապահության ոլորտի ֆինանսավորման ծավալներին:

4. Հայաստանում մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման 2008թ-ի զեկույցը փաստում է, որ մարզային հիվանդանոցներում աշխատող մանկաբույժների նվազագույն տարիքը 48-ն է, ինչը վկայում է մանկական ոլորտի բուժաշխատողների սակավության մասին:

5. Հայաստանում դիտարկվում է առողջության վիճակի կտրուկ տարբերություն ըստ գյուղ/քաղաք կտրվածքի և եկամտի մակարդակի (ՀԺԱՀՀ), այսպես` մինչև 5 տարեկան երեխաներից միջինում յուրաքանչյուր չորրորդի մոտ առկա է սակավարյունություն, այն պարագայում երբ քաղաքաբնակ երեխաներից յուրաքանչյուր 6-ի մոտ է հանդիպում սակավարունություն, գյուղաբնակ երեխաների մոտ անեմիան հանդիպում է յուրաքանչյուր 3-ի մոտ:

6. Առողջության հետ կապված խնդիրներ ունեցած բնակչության շուրջ 39% չի դիմել բժշկի` բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Առաջին (ամենաաղքատ) քվանտիլում հիվանդության դեպքում բժշկի դիմելու հաճախականությունը շուրջ 2.5 անգամ քիչ է, քան հինգերորդ (ամենահարուստ) քվանտիլում:

7. Առկա է պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ոչ արդյունավետ համագործակցություն:

8. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բավարար ընդգրկում և մասնակցություն չեն ունենում առողջապահական քաղաքականության մշակման և կիրարկման /այդ թվում բյուջեի/ գործընթացում:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ.

Վերոհիշյալ խնդիրները լուծելու, ինչպես նաև Հազարամյակի զարգացաման մայրական առողջության բարելավման ու մանկական մահացության կրճատման համար կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, Ազգային Ժողովին և բոլոր շահագրգիռ կառույցներին մինչև 2015թ. (?) իրականացնել հետևյալ քայլերը`

• Մշակել գերակա ուղղություններ սահմանող առողջապահական ազգային ծրագիր:

• Ավելացնել առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները առնվազն մինչև ՀՆԱ-ի 3% -ը`

o ավելացնելով հատկապես կանանց և երեխաներին ուղղված առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը,
o ներդնելով ֆինանսավորման նորարական մեխանիզմներ:

• Ապահովել առողջապահությանը հատկացվող միջոցների արդյունավետ օգտագործում`

o ապահովելով գերակա միջոցառումների թիրախային իրագործում,
o սահմանելով պետական պատվերի ծառայությունների պատվիրակման հստակ չափորոշիչներ:

• Ապահովել անհրաժեշտ որակավորում ունեցող բուժաշխատողների համաչափ բաշխում ողջ Հայաստանում`

o մշակելով առողջապահության համակարգի կադրային քաղաքականությունը,
o վերանայելով և արդիականացնելով բժշկական կրթական ծրագրերը,
o սահմանելով բժշակական կադրերի լիցենզավորման և որակավորման (ներդնելով կրեդիտային համակարգ, վերանայելով շարունակական բժշկական կրթություն մոդելը) ընթացակարգեր և չափորոշիչներ,
o ստեղծելով խրախուսման մեխանիզմներ` մարզային բժշկական հաստատություններում կադրերի պակասը լրացնելու նպատակով:

• Վերանայել սոցիալական հիմնահարցեր լուսաբանող լրատվամիջոցների աշխատանքի մեխանիզմները`

o մշակելով սոցիալական գովազդի անվճար հեռարձակման մեխանիզմներ:

• խրախուսել քաղաքականության մշակման և կիրարկման /այդ թվում բյուջետային/ գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը`

o մշակելով ՀԿ-երի կողմից առողջապահական քաղաքականության կիրարկման մշտադիտարկման իրականացման մեխանիզմներ,
o ներդնելով պետական ծառայությունների պատվիրակման համակարգ առողջապահության ոլորտում:

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻՆ.

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՄԱՅՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ`ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

mayrakan ev mankakan aroxjutyune ushadrutyan kariq uni

12.05.2012