«Վստահություն» առողջապահական ՀԿ

«Վստահություն» առողջապահական ՀԿ-ն կազմավորվել է 1998 թ: «Վստահության» հիմնական առաքելությունն է նպաստել երեխաների և մայրերի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը կրծքով սնուցումը խրախուսելու ու պաշտպանելու միջոցով:

«Վստահություն» ՀԿ-ը ԻԲՖԱՆ-ի անդամ է (IBFAN- The International Baby Food Action Network- «Մանկական սննդի վերաբերյալ գործունեության միջազգային ցանցի»): «ԻԲՖԱՆ-ը» ամբողջ աշխարհում գործող ավելի քան 200 ինքնուրույն խմբերից բաղկացած միջազգային ցանց է: Նրանք բոլորն էլ աշխատանքներ են ծավալում աշխարհում կրծքի և վաղ հասակի երեխաների մահացության և հիվանդացության նվազեցման ուղղությամբ: ԻԲՖԱՆ- ի հիմնական նպատակն է բարելավել երեխաների, նրանց մայրերի և ընտանիքների առողջությունն ու բարեկեցությունը կրծքով սնուցման խթանման ու պաշտպանման և վաղ հասակի երեխաների լավագույն սնուցմանն աջակցելու միջոցով: ԻԲՖԱՆ-ը կազմավորվել է 1979 թ. և նպաստել է «Կրծքի կաթի փոխարինիչների միջազգային օրենսգրքի» ստեղծմանը, որն ընդունվել է 1981 թ. Առողջապահության համաշխարհային ասամբլեայի (ԱՀԱ) կողմից : ԻԲՖԱՆ-ը երկրներին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում կրծքով սնուցման խրախուսմանն ու պաշտպանմանն ուղղված ազգային օրենքների մշակման, գնահատման և կիրառման հարցերում: ԻԲՖԱՆ-ը «Ճիշտ ապրելակերպի մրցանակի» (այլընտրանքային Նոբելյան մրցանակ) դափնեկիր է:

«Վստահություն» ՀԿ-ը, լինելով ԻԲՖԱՆ-ի անդամ, նույնպես աշխատանքներ է իրականացնում «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի» և ԱՀԱ հետագա որոշումների համապարփակ և լիարժեք կիրառման ուղղությամբ:

«Վստահություն» ՀԿ-ը լիովին ընդունել և որդեգրել է ԻԲՖԱՆ-ի 7 հիմարար սկզբունքները, որոնք են’
1. Երեխաներն ամենուրեք իրավունք ունեն հասնելու առողջության հնարավոր բարձրագույն ստանդարտին:
2. Ընտանիքները և մասնավորապես կանայք ու երեխաները իրավունք ունեն օգտվելու սննդարար և բավարար
քանակի ուտելիքից և ջրից:
3. Կանայք իրավունք ունեն կրծքով կերակրելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կրծքի և վաղ հասակի
երեխաների սնուցման վերաբերյալ:
4. Կանայք իրավունք ունեն լիակատար աջակցություն ստանալու’ երկու տարի կամ ավելի կրծքով կերակրելու և
առաջին վեց ամսվա ընթացքում բացառապես կրծքով կերակրելու համար:
5. Բոլոր մարդիկ որակյալ առողջապահական ծառայություններից և առևտրային ազդեցությունից զերծ
տեղեկատվությունից օգտվելու իրավունք ունեն:
6. Առողջապահության աշխատողները և սպառողները իրավունք ունեն պաշտպանված լինելու առևտրային
ազդեցություններից, որոնք կարող են խեղաթյուրել իրենց վճիռներն ու որոշումները:
7. Մարդիկ իրավունք ունեն պահանջելու այնպիսի փոփոխություններ, որոնք պաշտպանում , խրախուսում և
աջակցում են հիմնարար առողջությանը միջազգային համերաշխությամբ:

«Վստահություն» ՀԿ-ը նաև «Մոր և մանկան հայկական դաշինքի» անդամ է, որը միավորում է Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանման հարցում շահագիգիռ 47 ՀԿ-ներ:

«Վստահություն» ՀԿ-ը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում’
• ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
• «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն
• «Քաղաքացիական հասարակության ներգրավման թիմ» (ԱՄՆ ՄԶԳ)
• «Վորլդ Վիժն Հայաստան»
• ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագիր
• ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ)
• Օրենսգրքի փաստաթղթերի ձևակերպման կենտրոն (ICDC- International Code Documentation Center)
• ԳԻՖԱ (GIFA- Genevian Infant Feeding Assosiation – Մանկական սնուցման ժնևյան ասոցացիա)
• ՎԱԲԱ (WABA- World Alliance for Breastfeeding Action «Կրծքով սնուցման գործունեության համաշխարհային դաշինք»)
• Հայաստանի ամերիկյան համալսարան
• «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա»
• Մանկաբույժների հայկական միություն

«Վստահություն» ՀԿ-ի անդմաների մեծ մասը մանկական սնուցման ոլորտում ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային կամ ազգային փորձագետներ են և ունեն բուժաշխատողներին դասավանդելու և քարոզարշավներ կազմակերպելու բազմամյա փորձ: 2003, 2005, 2007, 2009 և 2011 թթ «Վստահությունը» կատարել է մրջազգային օրենսգրքի դրույթների և ՀՀ գովազդի մասին օրենքի կիրառման մոնիթրինգ, որի ընթացքում ուսումնասիրողները (մոնիթորները) վերահսկել են մանկական սնունդ արտադրող ընկերությունների վաճառահանման գործելաձևերն առողջապահական հաստատություններում, մանկական սննդի առևտրի կետերում և զանգվածային լրատվության միջոցներում, հարցազրույցներ են վարել մինչև մեկ տարեկան երեխա ունեցող մայրերի հետ, վերլուծել են մանկական սննդի պիտակները, ընկերությունների կողմից թողարկված գրականությունը, կազմել են զեկույցներ և դրանք ներկայացրել ԻԲՖԱՆ-ին, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԱ- հայաստանյան գրասենյակներին և շահագրգիռ այլ կողմերին’ այդպիսով նպաստելով օրենսգրքի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և դրդելով գործողությունների: Ներկայումս «Վստահությունը» իրականացնում է կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության օրենսդրական կանոնակարգմանն ուղղված քարոզչություն: «Վստահություն» ՀԿ-ի կողմից տպագրվել է մանկան սնուցմանը և օրենսգրքին առնչվող գրականություն բուժաշխատողների և ազգաբնակչության համար.
• «Մանկան առողջության պահպանումը» 8-րդ հրատարակության թարգմանությունը
• «Ինչպես կերակրել կրծքով»-գրքույկ մայրերի համար (Հեղինակ’ Ս. Ա. Հարությունյան), վերահրատարակվել է 7 անգամ
• «Ինչպես կերակրել կրծքով» (գրքույկ մայրերի համար, հեղինակ’ Ա. Պ. Դեմիրճյան)
• «Մանկան սնուցումը արտակարգ իրավիճակներում» գրքույկի թարգմանությունը
• Մանկական սնուցման լրատու (պարբերական ամսաթերթ, որը լույս է տեսել 2 տարվա ընթացքում)
• «Օրենսգիրքը ծաղրանկարներում» գրքույկի թարգմանությունը
• «Վաղ տարիքի երեխայի սնուցումը» -գրքույկ մայրերի համար (Հեղինակ’ Ս. Ա. Հարությունյան)
• «Կրծքով սնուցման օրենսդրական խրախուսումն ու պաշտպանումը Հայաստանում» (Հեղինակ՝ Սուսաննա Հարությունյան)

8.05.2012