«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»

Ծրագրերի համառոտ նկարագրություն

Հայաստանի մանուկներե հիմնադրամը (ՀՄՀ) ստեղծվել է 2000թ. Նյու Յորքում` դոկտոր Գարո Արմենի կողմից: Հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2003թ.:
ՀՄՀ-ն իրականացնում է ՀՀ գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագիր, որի հիմնական ոլորտներն են`

  • ենթակառուցվածքների վերականգնում,
  • կրթություն,
  • առողջապահություն,
  • տնտեսություն,
  • երեխայի և ընտանիքի աջակցության ծառայություններ:

Զարգացման ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Քարակերտ գյուղից և հետագայում ներառել հարակից Արգինա, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Շենիկ, Հուշակերտ, Երվանդաշատ, Բաղրամյան, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արտենի և Արագածավան համայնքները` շուրջ 25 հազար բնակչությամբ:

Ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում խրախուսվում է բնակիչների ակտիվ մասնակցությունը և շահառուների կողմից խնդիրների առաջնահերթության սահմանումը: Կազմակերպությունը կարևորում է տեղի մասնագետների կարողությունների հզորացումը և գյուղերի կապակցումը` որպես ծրագրերի կայունության նախապայման:

Հիմնադրամի ծրագրերի իրականացումը հնարավոր է դառնում Նյու Յորքում և Երևանում անցկացվող ամենամյա բարեգործական ընթրիքների ընթացքում կատարվող հանգանակությունների, դրամաշնորհների, գործընկեր կազմակերպությունների ներդրումների, նվիրատվությունների շնորհիվ: Կազմակերպության նվիրատուները ինչպես հայեր են, այնպես էլ օտարազգիներ:

Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում` 5 դպրոցների, 3 մանկապարտեզների, 3 բուժամբուլատորիաների, տարածաշրջանային առողջության կենտրոնի և մշակութային կենտրոնի հիմնանորոգում, 2 խաղահրապարակ-պուրակի կառուցում, համայնքների ոռոգման և խմելու ջրի համակարգերի վերանորոգում: Հիմնադրամի գործունեության ընթացքում ստեղծվել է ժամանակավոր և մշտական շուրջ 700 աշխատատեղ շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում: Իրականացվել են բուժաշխատողների և մանկավարժների մասնագիտական զարգացման դասընթացներ, բուժհաստատություններին տրամադրվել են ժամանակակից սարքավորումներ, բնակչության շրջանում անցկացվել են առողջ ապրելակերպին ուղղված դասընթացներ, գործում են բազմազան արտադասարանական խմբակներ և պատանեկան ակումբներ, ինչպես նաև ամենամյա ամառային ճամբարներ, մատուցվում են սոցիալ-հոգեբանական ծառայություններ և այլն:

Հիմնադրամի հեռանկարային նպատակը գյուղերի զարգացման օրինակելի մոդել ստեղծելն ու այն ՀՀ այլ գյուղական համայնքներում տարածելն է:

Կազմակերպության կոնտակտները

Գործադիր տնօրեն՝ Սերոբ Խաչատրյան
Հասցե` Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, սենյակ 24
Հեռ` (37410) 502076, 533412
Էլ հասցե` info@coafkids.org, ndolyan@coafkids.org
Վեբկայքի հասցե` www.coafkids.org

8.05.2012