ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.

44 հասարակական կազմակերպություններից կազմված Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը իր երկրորդ համաժողովի ընթացքում ականատես եղավ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերի հաշվետվողականությանը և խոստումնալից ծրագրերի ներկայացմանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ութ գրանցված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ապրիլի 4-ին, պաշտոնական ընտրական քարոզարշավից մեկ շաբաթ առաջ, Դաշինքի կողմից հրավիրվել էին ներկայացնելու իրենց մոր և մանկան առողջությանն առնչվող ծրագրերը և պատասխանելու Դաշինքի անդամների կողմից բարձրացված հարցերին:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ.

Դաշինքի հրավերքը ընդունել էին վեց քաղաքական կուսակցություններ, որոնցից հինգը, ըստ նախընտրական հարցումների, հավանականություն ունեն հավաքել 5% և ընտրվել Ազգային ժողովի հինգերորդ գումարման մեջ: Քաղաքական կուսակցություններից երեքը ներկայացվել էին պատգամավորների կողմից, այդ թվում Արա Բաբլոյանը` ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Արծվիկ Մինասյանը` ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: Մյուս երեք քաղաքական կուսակցությունները ներկայացվել էին իրենց ակտիվ քաղաքական անդամների և խորհրդականների կողմից: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ներկա ՀՀ Ազգային ժողովում երկրորդն է` ըստ իր ներկայացվածությամբ, ներկայացվեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված ներկայացուցիչով:

ԽՆԴԻՐՆԵՐ.

Նախքան կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները, Դաշինքի ենթահանձնաժողովները քաղաքական ուժերին ներկայացրեցին Դաշինքի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական առողջապահական խնդիրները. մոր և մանկան առողջության պետական ֆինանսավորման աճը, այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմը ի նպաստ առողջության բարելավման, մարդկային ներուժի զարգացումը և ծառայությունների հասանելիությունը, երեխայի կրծքով սնուցման խրախուսման պետական աջակցությունը, սնուցման և հանրային առողջության կրթության ծրագրերը: Դաշինքի անդամները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին կոչ արեցին վերոնշյալ խնդիրները ներառել իրենց նախընտրական ծրագրերում և ապրիլի 8-ից սկսվող քարոզարշավի միջոցառումների քննարկումներում: Միջոցառումը լուսաբանվեց 16 տպագիր և համացանցային ու հեռուստատեսային կայանների կողմից, ինչպես նաև ձայնագրվեց Դաշինքի կողմից` հետագա հղումների նպատակով:

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ.

Չնայած ներկա գտնվող վեց քաղաքական կուսակցությունները (Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Ժառանգություն, Հայ Ազգային Կոնգրես, Հայ Հեղափոխական Դաշնակցություն) համաձայնվեցին Դաշինքի կողմից բարձրացված խնդիրների կարևորության հետ, սակայն նրանց դիրքորոշումները և պլանավորված միջոցառումները տարբերվում էին: Օրինակ` ներկայումս իշխող կոալիցիայի անդամ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը ներկայացրեցին իրականացված ծրագրերը, իսկ ընդդիմադիր կողմերը, ինչպիսիք են Ժառանգությունը և Հայ Ազգային Կոնգրեսը քննադատեցին` պատճառաբանելով, որ ավելին կարելի էր իրականացնել: Ի հակառակ դրան, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը, որտեղ նշված էր, որ կուսակցությունը հիմք ընդունելով Դաշինքի առաջարկները` ապագա գործունեության ընթացքում կհասցեագրի բարձրացված չորս հարցերը: Ընդհանուր առմամբ, կուսակցությունները ողջունեցին Դաշինքի կողմից կազմակերպված միջոցառումը և խոստացան շարունակել աշխատել Դաշինքի հետ ընտրություններից հետո:

Սկսած 2010թվականի օգոստոսից` Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության “Երեխայի առողջությունն առաջնային է” քարոզարշավի շրջանակներում հասարակական կազմակերպությունները, մասնագիտական խմբերը և ինստիտուտները միավորվեցին` կազմավորելով Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը: 2011թվականի օգոստոսի 30-ին 44 քաղաքացիական հասարակության անդամներ ստորագրեցին Հուշագիր` նպատակ ունենալով միավորել մոր և մանկան առողջությանն ու առողջապահության ֆինանսավորման քաղաքականությանն ուղղված ջանքերը` բարելավելով Հայաստանի մայրերի և մանուկների առողջությունը:

27.04.2012