ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների 2010 թվականին 400-ից ավել երեխա մահացել է կյանքի առաջին տարվա ընթացքում, այսինքն ավելի քան 1 երեխա` յուրաքանչյուր օրը: Երեխաների մեծամասնությունը մահանում է կանխարգելելի հիվանդություններից:

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտությունների, երեխային մինչև երկու տարեկան կրծքով կերակրելը կարող է կրճատել մանկական մահացությունը մինչև 10-20%-ով: Սակայն այսօր, բազմաթիվ մայրեր գայթակղվելով գովազդներով, ստիպված լինելով ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, կամ ունենալով տեղեկատվության և գիտելիքի պակաս, ընտրում են արհեստական կաթնախառնուրդները:

Հայաստանի Հանրապետությունը միացել է 1981թ.-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի (ԱՀԱ) կողմից ընդունված (այսուհետ միջազգային օրենսգիրք), սակայն չի իրականացրել միջոցառումներ սույն օրենսգրքի դրույթները ամբողջությամբ ազգային օրենսդրությամբ ամրագրելու ուղղությամբ: Մասնակի դրույթներ ներառվել են և ՀՀ օրենքներում, սակայն այդ օրենքները արդյունավետ չեն գործում`վերահսկման մեխանիզմների և խախտումների դեպքում սահմանված պատժամիջոցների բացակայության պատճառով:

ՄԵՆՔ, ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ,
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ՏԱՐԵԿԱՆ ՓՐԿԵԼ 50 ԵՎ ԱՎԵԼԻ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ`

օրենսդրությամբ կանոնակարգելով կրծքով սնուցման խրախուսումը և հանրային իրազեկումը, ինչպես նաև մանկական սննդի վաճառահանումը,

ՔԱՆԶԻ 2000թ.-ին Միացյալ ազգերի կազմակերպության գագաթաժողովին ընդունված Հազարամյակի հռչակագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել մինչև 2015 թվականը 1990 թվականի համեմատ երկու երրորդով կրճատել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը, և 

ՔԱՆԶԻ համապատասխան կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է և ամենաարդյունավետ միջոցներից մեկն է մանկական մահացությունը նվազեցնելու և երեխայի ֆիզիկական ու հուզական զարգացումն ապահովելու համար,

ՔԱՆԶԻ կարևոր է բացառապես կրծքով սնուցմունը կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում և ապահով ու համապատասխան հավելյալ սնունդը` սկսած 6 ամսականից, ինչպես նաև շարունակվող կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան հասակը,

ՔԱՆԶԻ բուժաշխատողներն են հանդիսանում բնակչությանը ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն տրամադրող աղբյուրը,

ՔԱՆԶԻ երեխայի սնուցման հետ կապված տեղեկացված որոշում կայացնելու համար ծնողները և երեխայի խնամք իրականացնողները պետք է տիրապետեն առևտրային շահերից զերծ տեղեկատվությանը, և 

ՔԱՆԶԻ կոնվենցիայի 24-րդ հոդվածով սահմանվում է, որ մասնակից պետությունները ձգտում են երեխայի իրավունքի լրիվ իրականացմանը և, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում կրծքով կերակրելու առավելությունների վերաբերյալ գիտելիքներ տրամադրելու, գործադրելիս հասարակության բոլոր խավերի, մասնավորապես ծնողների և երեխաների իրազեկությունն ապահովելու համար և 

ՔԱՆԶԻ աշխարհի 193 երկրների մեծ մասը ազգային օրենքներով արդեն իսկ ընդունել են 1981 թ. ԱՀԱ-ի կողմից ընդունված և խնդրին առնչվող ԱՀԱ հետագա որոշումներին համահունչ ազգային օրենսդրություն, 

ՔԱՆԶԻ Հայաստանում մանկական սննդի արտադրողները և բաշխողները իրենց արտադրանքի վաճառահանման ընթացքում խախտում են միջազգային օրենսգրքի և ԱՀԱ որոշումների հիմնական դրույթները և “Գովազդի մասին” ՀՀ օրենքը,

ՔԱՆԶԻ կրծքով սնուցման խրախուսումն ու պաշտպանումը հասարակության առողջության բարելավմանն ուղղված ռազմավարություն է, որը կարիք ունի խրախուսման և աջակցության:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BF position paper

27.04.2012