Մոր և մանկան դաշինքը շարունակում է լոբբիստական աշխատանքները Հայաստանում:

Մոր և մանկան առողջության դաշինքի ամենամյա հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 20-ին և 21-ին, որտեղ ներկա էին առողջապահության ոլորտի մասնագետները և ՀԿ ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը, լինելով դաշինքի առաջատար կազմակերպություններից, բարձրաձայնեց ոլորտի հրատապ խնդիրների մասին՝ կոչ անելով նպաստել մոր և մանկան առողջության ոլորտի համար կայուն և աճող պետական ֆինանսավորման տրամադրման ուղիների ձևավորմանը։ Այս տարվա դաշինքի հանդիպումը նվիրված էր նաև այն ծախս-արդյունավետ սկրինինգային ծրագրերի լուսաբանմանն ու քննարկմանը, որոնք այսօր իսկ ունեն կիրառում մեր երկրում, սակայն ինչ-ինչ պատճառներով չունեն լայն տարածում կամ բավարար իրականացում: Վերջիններս առողջ երեխայի վերահսկողությունն է, բնածին լսողական խանգարումների և հոդախախտի զարգացման սկրինինգային ծրագրերն են, որոնց իրականացման համար Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն ինչպես նաև դաշինքի մի շարք անդամներ  մեծ ջանքեր են գործադրում:

Այս տարի մոր և մանկան առողջության հայկական դաշինքը հայտարարել էր նաև շահերի պաշտպանությանն ուղված մրցանակաբաշխություն՝ ճանաչելու և գնահատելու մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացված ներդրումները թե ՀԿ-ների, թե համայնքի ակտիվ ներկայացուցիչների և կառավարության ներկայացուցիչների կողմից: Մրցանակները տրամադրվեցին նախորդ 2012 թվականի ընթացքում տեղական կամ ազգային մակարդակում լավագույն քաղաքականություն իրականացնելու, քաղաքացիական մասնակցության և հանրային քաղաքականության վրա ազդեցության ամենահաջող փորձի, նորարարության ու ազդեցության դրսևորման և յուրաքանչյուր երեխային լիարժեք կյանք նվիրաբերելու պատրաստակամության համար։

Որպես ակտիվ և լավագույն մայրիկներ, դաշինքը ողջունեց Ղափանից, Արմավիրից, Երևանից, Լոռուց և Արագածոտնից ժամանած մայրիկներին: Դաշինքի ակտիվ անդամ էր առաջադրվել Գործընկերություն և Ուսուցում ՀԿ-ն, շահերի պաշտպանության նորարար դիտարկվել էր Հավատ ՀԿ-ն, իսկ շահերի ազդեցիկ պաշտպան էր առաջադրվել և հաղթել Վստահություն ՀԿ-ն: Վերջին մրցանակն էր շնորհվել ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պարոն Արա Բաբլոյանին: Նա իր ողջույնի խոսքում՝ գնահատելով քաղաքացիական հասարակության դերը նշեց. <<Դուք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներդ, կազմում եք այն կարևոր օղակը, որը մեզ՝ քաղաքականություն կերտողներիս, օգնում և տալիս է հնարավորություն ընդունել ճիշտ և տեղին որոշումներ>>:

Երկօրյա հանդիպման ընթացքում դաշինքը (քաղաքացիական հասարակության ավելի քան 45 ներկայացուցիչներ) հնարավորություն ունեցավ բաց երկխոսություն ունենալ ՀՀ առողջապահության նախարարի հետ: Դերենիկ Դումանյանը ներկայացրեց հիմնական փոփոխություններն ու առաջիկայում ակնկալվող բարեփոխումները առողջապահության առաջնային օղակում, ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև հիվանդանոցային բուժօգնության և առողջ ապրելակերպի խթանման հարցերում: Նախարարը և դաշինքի անդամները եկան համաձայնության ունենալ շարունակական հանդիպումներ՝ քննարկելու և լուծումներ առաջարկելու առողջապահության ոլորտի հիմնախնդիրների շուրջ։

- See more at: http://www.wvarmenia.am/am/news/show/176#sthash.WswAlDlh.dpuf

9.08.2013